Շիրվանզադե Ալեքսանդր՝ Նամուս | |
Սանամը Շըպպանիկի խոսքերին հավատաց և մի օր ժամանակ խնդրեց, որ մտածի: Մյուս օրը Շըպպանիկը կրկին ներկայացավ նրան, և այս անգամ Սանամը վճռողաբար ասաց, որ ցանկանում է Սուսանին ուզել: Շըպպանիկը ոտք ու ձեռք ընկավ, երկու օրում նշանդրեքը գլուխ բերեց:
Սանամը հեռագրել տվավ, Ռուստամը երկու շաբաթից հետո հասավ Շամախի, և ահա արդեն նրա հարսանիքն էր այդ գիշեր կատարվում:
Սուսանի մյուս կողմով գալիս էր կնքահայրը — Ռուստամի վաճառական ընկերներից մեկը: Իսկ Ռուստամի կողքով գալիս էր Սմբատը, իբրև հարսեղբայր: Սրանց հետևից գալիս էին հանդիսականները, որոնց մեջ ամենից առաջ երևում էին Գյուլնազը և Սուսանի ընկերուհի Սուսամբարը:
Սուսամբարը Սուսանի համար ուղեցույցի դեր էր կատարում, որովհետև վերջինի երեսը ծածկված էր թանձր քողով: Հարսը ոչինչ չէր տեսնում կամ հազիվ կարողանում էր նշմարել: «Ախչի, գլուխդ այս կողմը պահիր, ախչի, կռներդ ծռիր, մեջքդ դրստիր, ախչի, չարշովդ հավաքիր», — քչփչում էր անդադար Սուսամբարը: Սուսանը հլու հնազանդությամբ կատարում էր նրա բոլոր պատվերները:
Սուսամբարը նորապսակի պարտականությունները անգիր գիտեր, որովհետև դեռ մի ամիս չկար, որ ինքն անցել էր այդ բովով: Թե ով էր Սուսամբարի նշանածը և ինչպես էր պատահել, որ պսակվել էր — այս մասին մանրամասն տեղեկություններ հայտնի չէին: Միայն մի առավոտ Սուսանը լսեց յուր մորից, որ վերջապես Սուսամբարին նշանել են և երկու օրից հետո պսակելու են մի օտար քաղաքացի մարդու վրա: Անչափ ուրախացավ Սուսանը յուր ընկերուհու այդ անսպասելի բախտավորության վրա, բայց նույնը չի կարելի ասել Սուսամբարի վերաբերմամբ: Երբ Սուսանը շտապեց շնորհավորելու Սուսամբարին, վերջինը, կրծքից մի խորը հառաչանք արձակելով, պատասխանեց. — «ինչ պսակվել է, չգիտեմ, ծնողներս կռնիցս բռնել են ու անտեր շորի պես շպրտում են մի անծանոթ ու անհայտ տղի շլնքին»: Այսպես թե այնպես, Սուսամբարը նորահարս էր:
Հանդեսը ծռվեց դեպի այն փողոցը, ուր գտնվում էր Ռուստամի տունը: Խլացուցիչ զուռնան անընդհատ փչում էր: «Նաղարաչին» երկու բարակ, տաշած, սրածայր փայտերով անդադար խփում էր կռնատակին բռնած նաղարայի չորացած կաշիին, թնդացնելով մառախուղը: Հանկարծ հանդիսականների հետևից լսվեց մի ինչ-որ գոռոց և միևնույն վայրկյանին ռումբի չափ մի քար թռավ հանդեսի մեջտեղը: Քարը դիպավ ջահ պահողի թևին, որի ձեռից ջահն իսկույն ընկավ և հանգավ:
Այդ անսպասելի դեպքը խառնաշփոթություն ձգեց հանդիսականների մեջ: Սկսվեց իրարանցում: Կանայք բարձրացրին ճիչ ու գոռոց, տղամարդիկ շվարվեցին: Ու անթափանցելի խավարի մեջ իրարու չտեսնելով, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Ամեն մեկը վախենալով մի որևէ հանկարծահաս վտանգից, պաշտպանողական դիրք բռնեց: Ընդհանուր խառնաշփոթության մեջ մանավանդ շփոթվել էին նորապսակները, Սմբատը, Սուսամբարն ու Գյուլնազը:
Աղմուկը շարունակվում էր, լսվում էին սպառնալի խոսքեր, անվայել հիշոցներ, և ոչ ոք չգիտեր ո՛վ է հայհոյողը և ում դեմ: Որոշվում էին մրայն մի երիտասարդի անկապ հիշոցները:
— Ջահը վառեցեք, — բացականչեց Ռուստամը յուր սուր, զորեղ և անհողդողդ ձայնով:
Զահ պահողը, մի կողմում ընկած, տնքտնքում էր: Հանդիսականներից մեկը իսկույն մի լուցկի վառեց: Սև նավթի մեջ թաթախված ցնցոտիները բոցավառվելով, լուսավորեցին տեսարանը պղնձագույն և ծխախառն լուռով: Գյուլնազը, Սուսամբարը և Սմբատը չէին հեռացել նորապսակներից: Առաջին երկուսը Սուսանին կպած, պատրաստ էին իրանց մարմնով պաշտպանել նրան վտանգի դեպքում:
— Ինչո՞ւ եք փախչում, էյ, է՛յ, կանգնեցեք, էյ նամարդներ, էյ վախկոտներ, — գոռում էր մեկը հանդիսականների հետևում դեպի փողոցի մյուս կողմը, որտեղից լսվում էր մի խումբ փախչող մարդկանց ոտնաձայնը:
Հետո գոռացողը երեսը շուռ տվավ դեպի հանդիսականները և սկսեց դարձյալ հիշոցներ տալ: Այս անգամ նրա հիշոցները որոշվում էին: Նա հայհոյում էր առանձնապես Ռուստամին տասնյակ փողոցային կեղտոտ խոսքերով: Հայհոյողը մի երիտասարդ էր: Ջահի լուսո ճառագայթները լուսավորեցին նրան: Նա գունատ էր ինչպես դիակ: Հագուստը ոտից ցգլուխ շաղախված էր ցեխով, մազերը ցիր ու ցան, աչքերը վառված: Աջ ձեռին պահած էր մի երկայն փայտ, ձախ թևի վրա փաթաթած էր չերքեզկան: Նա կամենում էր առաջ շարժվել, բայց չէր կարողանում, ոտները չէին հնազանդվում: Նա սաստիկ հարբած էր, այնպես որ կանգնած տեղը ամբողջ մարմնով տատանվում էր, ինչպես մի լարախաղ պարանի վրա:
— Ոչինչ չկա, զուռնան փչեցեք, առաջ գնանք, — խոսեց բարձր ձայնով Սմբատը և ինքը շտապով վազեց դեպի հիշոցներ տվող երիտասարդը: Նա խլեց վերջինի ձեռքից փայտը, բռնեց նրա թևից և հեռացրեց հանդիսականներից:
— Այդ ի՞նչ պատահեց, ո՞վ էր այն տղան, ի՞նչ էր ուզում, — հարցնում էր անդադար Ռուստամը շրջապատողներին: Եվ ոչ ոք նրան մի որոշ պատասխան չէր տալիս:
— է՜հ, դատարկ բան է, գիշերվա շառլատաններից մեկն էր, — ասում էին միայն:
— Բայց ո՞վ էր, կարելի է ես ճանաչում եմ. անու՜նը:
— Թուրք էր, — պատասխանեցին, աշխատելով անհայտության մեջ պահել երիտասարդի անունը:
— Ախ, տեր աստված, այդ ի՞նչ կրակ էր, ես ճանաչեցի. նա ինքն էր, — քչփչաց Սուսամբարը Սուսանի ականջին:
— Ո՞վ էր, — հարցրեց նորահարսը հազիվ լսելի ձայնով:
— Սեյրանը:
— Սեյրանը, — կրկնեց Սուսանը թույլ ձայնով և ուշաթափվեց:
— Սուսան, Սուսան, ուշքի եկ, — բացականչեց Գյուլնազը, գրկելով յուր աղջկան: — Ա՛յ ջամահաթ, բալաս վախեցավ, բալաս ձեռքիցս դուրս եկավ, օգնեցեք:
Այդ նոր, անսպասելի դիպվածը հանդիսականներին բոլորովին շփոթացրեց այս անգամ: Զուռնայի ձայնը կրկին ընդհատվեց, և ամենքը մոտեցան նորապսակներին:
— Ջուր, ջուր բերեք` երեսին սրսկելու, — գոռում էր Ռուստամը մի ձեռով նորահարսին գրկած:
Այն գինետանը, ուր մի փոքր առաջ Աեյրանն յուր ընկերակիցների հետ հարբել էր, դեռ ևս փակ չէր: Սմբատը, հեռվից նկատելով ճրագի լույսը, վազեց անմիջապես այնտեղ, որ ջուր բերի:
Սուսանի երեսից քողը քաշեցին: Ջահի բույսը լուսավորեց նրա գունաթափ դեմքը: Անցան առաջին վայրկյանները, և Սուսանը հանկարծ աչքերը բաց արավ: Նրա դողդոջուն շրթունքներից դուրս թռավ մի խոսք, և նա կրկին ուշաթափվեց: Հանդիսականներից ոչ ոք չլսեց այդ խոսքը, բացի Գյուլնազից ու Սուսամբարից: Սեյրանի անունն էր: Ռուստամը ևս լսեց այն, լսեց և Գյուլնազի ու Սուսամբարի վրա տարակուսական մի խորը հայացք ձգեց: Գյուլնազի և Սուսամբարի վրա այդ հայացքը սարսուռ ազդեց, և նրանք միաժամանակ գլուխները կրծքերին թեքեցին, իրանց դեմքերը Ռուստամի սրատես աչքերից թաքցնելու համար:
VI
Մինչ խավարի մեջ տեղի ուներ այդ տեսարանը, գինետնում կատարվում էր մի ուրիշը: Յուր արշավանքի անհաջող հետևանքից հուսահատված, Սեյրանը կրկին վերադարձավ այնտեղ: Գիշերվա կիսին նա ուրիշ ապաստարան չգտնելով, թախանձանքով խնդրեց, աղաչեց գինեվաճառին, որ սա թույլ տա իրան գինետանը գիշերելու:
Թուլացած մարմնով, վշտացած հոգով և փշրված սրտով, Սեյրանը քաշվել էր մի անկյուն և այնտեղ, մի կտոր կեղտոտ շորի պես շնթռված մտածում էր: Ի՞նչ էր մտածում նա: — Ոչինչ: Ըմպելիքների շոգու մեջ խաշված ուղեղն ի՛նչ կարող էր գործել այդ ժամանակ մի հոգնած գլխում: Այն տեսարանը, որ մի քանի րոպե առաջ կատարվեց փողոցում և որտեղ ինքը գլխավոր դերակատարն էր, այժմ նրան երազ էր թվում: Նա չէր կարողանում պարզ հասկանալ կամ երևակայել, ինչ էր պատահել և ի՛նչու համար ինքը կրկին գինետանն է գտնվում: Ընկերների խաբեբայությունը և անազնվությամբ դավաճանելով փախչելը, անվայել ու կեղտոտ հիշոցները, որ ինքն ուղղեց նորապսակներին, Ռուստամի հաղթությունը, Սուսանի գլուխը խոնարհած յուր ճակատագրին հնազանդվելը, — այս բոլորը, իրարու խառնվելով, անթափանցելի քաոս էին գոյացրել անարգված և ստորացած պատանու գլխում: Ճնշված, հաղթված, ոչնչացած այդ մտքերի ծանրության տակ նա թավալվել էր և ուժ չուներ յուր տեղից շարժվելու, ինչպես յուր շուրջը ընկած դատարկ գինետկերից մեկը:
Այդ դրության մեջ էր Սեյրանը, երբ գինետան դռները բացվեցին, ներս թոավ Սմբատը: Նա բարձրացրեց աչքերի ծանրացած կոպերը:
Սմբատը թախանձանքով խնդրեց գինեվաճառին մի փոքր ջուր: Գինեվաճառը շտապեց կատարելու նրա խնդիրը: Երբ Սեյրանի հայացքն ընկավ Սմբատի երեսին, կարծես էլեկտրական թելի ծայր կպավ նրա մարմնին: Մի վայրկյանում նա ուժի գալով, բարձրացավ տեղից: Սմբատն ևս յուր կողմից նկատեց նրան: Մի քանի վայրկյան երկու նախկին ընկերները իրարու երեսին մտիկ արին, ամեն մեկը, կարծես, սպասելով ինչ պիտի ասե մյուսը:
— էէ՜յ... շշո՛ւուն... շ... — սկսեց Սեյրանը, բայց, չկարողանալով արտասանել ուզած խոսքերը, գլուխը կրծքին թեքեց և բերանից դուրս թափեց գինու փրփուրը:
Սմբատի դեմքով սահեց մի ժպիտ, որ արտահայտում էր կես զզվանք, կես խղճահարություն դեպի յուր ընկած ընկերը:
— Ա՛ դդա, գլուխդ կփշրեմ, — դարձյալ թոթովեց Սեյրանը և, աջ ձեռի բռունցքը սեղմելով, կամեցավ առաջ շարժվել, չկարողացավ:
Սմբատն այս շարժումից հասկացավ նրա միտքը: Սակայն ինքը տեղից անգամ չշարժվեց: Սեյրանը կրկին մի քանի վայրկյան թոթովեց, և այս անգամ նրան հաջողվեց արտասանել մի ինչ-որ անվայել խոսք: Սմբատը պարզ լսեց նրա բերանից թռած այդ անվայել խոսքը, որ սաստիկ վիրավորական էր նրա համար: Մի վայրկյանում նրա ականջները կարմրեցին, պռոշները սփրթնելով սկսեցին ցնցողաբար դողալ: Նա մի կողմ դնելով գինեվաճառից ստացած ջրով լի կալան, սեղմեց յուր բռունցքները և, կարծես, պատրաստվում էր հարձակվել Սեյրանի վրա: Գինեվաճառը զարմացավ: Նա մի քանի վայրկյան, բերանը բացած և կարմրած աչքերը չռած, նայում էր մերթ Սեյրանին, մերթ Սմբատին, ձգտելով երկու պատանիների այդ տարօրինակ գաղտնիքը թափանցելու: Սեյրանը, մի ձեռը սեղանին հենած, մյուսը ամուր սեղմած, աչքերը Սմբատի կրծքին հառած, անդադար տատանվում էր, երբեմն արտասանելով ին-որ անհասկանալի խոսքեր:
— Ամաչիր, ամաչի՛ր, Սեյրան, տես ինչ օրն ես ընկել քո հիմուրությունով, — խոսեց, վերջապես Սմբատը և նույն վայրկյանին մտաբերելով յուր քրոջ դրությունը, վերցրեց ջրի կուլան, երեսը շուռ տվավ, որ դուրս գնա:
Սեյրանը մի քանի քայլ հետևեց նրան և կրկին կանգ առնելով, գոռաց բարձր ձայնով, որքան ուժ ուներ.
— Կանգնի՛ր... ես չեմ ուզում...
Սմբատը կանգնեց և հետ նայեց:
— Հա՛, չեմ ուզում կեղտոտ շորը, չեմ ուզում լպստած պատառը, տարեք ու շների առաջը գցեք, — արտասանեց Սեյրանը այս անգամ բավական պարզ:
— Երդվում եմ, Սեյրան, այս գիշերվա սուրբ պսակով, որ ոտներիս տակ քեզ շանսատակ կանեմ, եթե այդ աղտոտ լեզուդ փորդ չես քաշի, — պատասխանեց Սմբատը, ատամները կրճտելով և նորաբույս բեղերը կրծոտելով, որ զսպի յուր կատաղությունը:
— Սուրբ... սուրբ, հը՜մ, չէ, կեղտոտ, ինչպես, այ տեե՛ս, ըմպողղ... կեր...
Այս անգամ Սմբատի համբերությունը սպառվեց: Նա ջրի կուլան կրկին սեղանի վրա դրավ, հարձակվեց, բռնեց Սեյրանի կոկորդից և սկսեց խեղդել:
Գինեվաճառը բղավելով մեջ ընկավ, որ նրանց բաժանի: Սեյրանը Սմբատի ճանկերում նման էր քաղցած կատվի թաթերում ընկած չնչին մկան: Նա շնչասպառ, մեջքից ծռվեց և թուլացած երկու ձեռներով քարշ ընկավ Սմբատի մազերից:
— Հետ լզիր թքածդ, ասա — մեղա աստուծո, թե չէ, Քրիստոսը վկա, հոգիդ այս րոպեին սատանաներին կշպրտեմ, — գոռում էր Սմբատը, մատներով Սեյրանի վիզը շղթայած և անդադար թափահարելով նրա գլուխը:
Սեյրանում խոսելու ուժ չէր մնացել: Նրա լեզուն դուրս էր ընկել, կարմրած աչքերը չռվել էին, կարծես, քիչ էր մնում, որ դուրս պրծնեին:
— Այ աղբեր, դա ինչ կրակ էր, որի մեջ գցեցիր ինձ: Ձեռ քաշիր, աստված սիրես, ինչ ես սպանում խեղճ տղին, — բացականչում էր գինեվաճառը, աշխատելով Սմբատի ձեռները հեռացնել Սեյրանի կոկորդից:
— Բաց եմ թողնում, գնա՛, ազատում եմ, առանց այդ ևս դու փչացել ես, թող զուր ձեռներս չկեղտոտեմ, — ասաց Սմբատը և, բաց թողնելով Սեյրանին, երկու ձեռներով հետ հրեց նրան:
Սեյրանը հետ ու հետ գնալով թավալվեց պատի տակ, ինչպես ուժեղ ձեռքից արձակված մի բրդյա գնդակ: Նա կրկին կամեցավ բարձրանալ, բայց այս անգամ Սմբատն ուշադրություն չդարձրավ նրա վրա, և ջրի կուլան վերցնելով, շտապով դուրս գնաց:
VII
Մինչ Սմբատի հասնելը, Սուսանին արդեն ուշքի էին բերել: Զուռնան կրկին սկսեց փչել, և հանդեսը առաջվա կարգով շարժվեց առաջ: Քառորդ ժամից հետո հասան Ռուստամի տուն և ծանր քայլերով մտան բակը: Այստեղ նորապսակների դեմ դուրս թափվեց կանանց և տղամարդկանց մի ուրիշ խումբ, որի գլխին կանգնած էր Սանամը մետաքսյա հագուստով զուգված ու զարդարված:
Սանամի դեմքի վրա խաղում էր զվարթ ժպիտ: Նրա` երիտասարդական կենդանությունից վաղուց զրկված` աչքերը փայլում էին ներքին գոհունակությամբ: Արդարև նրա ուրախությունն անսահման էր: Չէ՞ որ նրա իղձը կատարվում էր և, վերջապես, նրա միակ ու սիրելի որդին պսակվում էր: Նրա մայրական սիրտը զարկում էր միայն և միայն յուր որդու բախտավորությամբ: Եթե կար մի ուրիշ անձնավորություն, որ թեև ուրիշ զգացմունքներից դրդված, բայց նույնչափ այդ գիշեր ուրախ էր, որչափ Սանամը — այդ Շըպպանիկն էր: Այս անգամ նա ձեռները մինչև բազուկները և գլխի կարճլիկ մազերը ներկել էր հինայով մի առանձին հոգացողությամբ: Երբ հարսանիքի հանդե՛սը ներս մտավ, Շըպպանիկը իսկույն դուրս ընկավ նորապսակների դեմ և, երկայն բազուկները վեր քաշելով, սկսեց պարել զուռնայի եղանակով:
— Աստոծ շաննոոր անի, այ օղուլ, Շըպպանիկը չինար բոյիդ մատաղ, — բացականչեց նա, ընկնելով Ռուստամի վզովը և մի քանի անգամ համբուրելով նրա ճակատն ու թշերը:
Հետո, բաժանվելով Ռուստամից, շարունակեց պարելը:
— Ղայթաղի ածեցեք, ադա՛, — հրամայեց նա զուռնաչիներին և կռնատակից հանելով մի ափսե, պահեց յուր գլխից վեր, պարը շարունակելով:
Սանամը ծոցից քսակը հանեց և մի բուռն արծաթադրամ թափեց բաժակակալի մեջ: Չորս կողմերից հանդիսականները հետևեցին նրան, և մի քանի րոպեում Շըպպանիկի ափսեն լեցվեց պղնձե, արծաթե և թղթե դրամներով: Երաժիշտների վառված աչքերը ագահությամբ ճանապարհ դրին այդ փողերը մինչև Շըպպանիկի գրպանը, որտեղից վերջինի աջ ձեռը հեռանալով, մի վիրավորական նշան արավ զուռնաչիներին: Վերջապես, Շըպպանիկը ասպարեզից դուրս եկավ, յուր հնձով բավականացած, և նրա տեղը մեջ մտավ պառավ Սանամը: Երաժիշտները իրարու աչքով արին և ավելի սաստկացրին զուռնաների ծվծվոցը: Սանամը յուր հաստլիկ մարմինը լխլխացնելով և մինթանայի փեշերը ֆռռացնելով, սկսեց պար գալ: Ռուստամը հնգանոց թղթադրամի ծայրը թքով թրջեց և խփեց յուր մոր ճակատին: Սուսանն յուր լղարած, դողդոջուն ձեռով հանեց մի կապույտ թղթադրամ, ամոթխածությամբ դրավ յուր սկեսրոջ ափի մեջ: Հանդիսականները ոգևորվեցին, և ամեն մեկը շտապեց յուր լուման ասպարեզ հանել: Սանամը հավաքված փողերը հանձնեց զուռնաչիներին և դուրս ևկավ ասպարեզից: Այնուհետև հանդիսականներից մեկը մի մեծ ափսե բռնեց նորապսակների գլխին, և ներկա եղողները մի առ մի հերթով ձգեցին իրանց նվերները: Որը ձգեց թուղթ փող, որը ոսկի, որը մի որևէ ոսկեղեն կամ արծաթեղեն, որը մի որևէ հագստացու և այլն: Վերջապես, զուռնան դադարեց և հանդիսականները ներս մտան ընթրելու:
Սուսանին տարան կանանց բաժինը, որ Սանամի հարևանի տանն է, իսկ Ռուստամը մնաց տղամարդկանց բաժնում:
Իբրև նորահարս, Սուսանը, քաղաքի ավանդության համաձայն, պարտավոր էր ամբողջ ընթրիքի ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ: Բայց այս անգամ այդ ավանդության դեմ մեղանչեցին: Հանդիսականներից մի քանիսը, որոնք ներկա էին այս գիշերվա անսպասելի անցքին և Սուսանի ուշագնացության ականատես, համոզեցին վերջինին և նստացրին սենյակի ծայրում, հատուկ յուր համար պատրաստած փափուկ մետաքսյա մինդարի վրա: Գյուլնազն և Սուսամբարը նստեցին նրա կողքին, մեկը — աջ, մյուսը — ձախ: Ընթրիքի ժամանակ Սուսամբարը անդադար քչփչում էր Սուսանի հետ թաքուն, այնպես որ ոչ ոք նրանց լսել չէր կարող, մանավանդ որ բոլորը զբաղված էին ավելի ուտելով, քան նորահարսով:
— Խեղճս գալիս է նրա ծնողներին, հիմա ես գիտեմ ինչ օրումն են նրանք, — ասում էր Սուսամբարը:
— Չեմ իմանում, թե այսքան մեղքերիս համար ինչ պատասխան պիտի տամ ահեղ դատաստանի առաջ, — քչփըչաց Սուսանը:
— Դո՞ւ ինչ մեղավոր ես:
— Չ՛է, Սուսամբար, մեղավորն ես եմ, հորս տանջողն էլ ես եմ: էհ, երկնային թագավոր, փառք քո զորությունին, փա՛ռք, ինչ պիտի անեմ:
— Ինքդ քեզ մի տանջիր, առանց այդ էլ վրեդ մի ոսկոր է մնացել ու մի կաշի:
— Երանի կլիներ, որ այն էլ շուտով հողի տակ փտեր, ես էլ կհանգստանայի, կհանգստանային ուրիշներն էլ: Մտիկ արա, Սուսամբար, կողքիս նստած մորս, մտիկ արա նրա երեսին, տես, թե նա ինչ օրն է ընկել: Տես, խեղճ կնիկը կռները ծոցում ծալած մոտս այնպես է նստել, որ, կարծես, իմ թաղման հանդեսն է կատարվում այստեղ: Ուրիշները ուտում են, խմում, ուրախանում, բայց նա, կարծես մյուս աշխարհ է թռել: Ախ ծնողներ, ծնողներ, սպանեցի ես ձեզ իմ հիմարությամբ:
Այս խոսքերն արտասանելիս Սուսանի աչքերից դուրս թափվեցին արտասուքի առատ կաթիլներ և ողողեցին նրա մաշված ու գունասպառ երեսը: Նա արտասուքը խեղդեց, նրա կուրծքը ծանր շնչառությունից սկսեց բարձրանալ ու ցածրանալ այնպես, որ կարծես թշվառ նորահարսը մահվան մահիճում լիներ: Հանդիսականներն այդ չնկատեցին, բացի Սուսամբարից: Չէր նկատում նույնպես և Գյուլնազը, որ, աչքերը սեղանի մեջտեղին հառած, արձանացած, նստած էր: Նրա աչքերը կորցրել էին իրանց նախկին կրակոտ փայլը, և կենդանության մի թույլ նշան էր մնացել նրանց մեջ: Նրա պշկած երեսը տեղ-տեղ ծածկվել էր կնճիռներով, և մի խորը գիծ նրա ոսկորացած ճակատի մեջտեղով ուղղագիծ անցնելով, բաժանում էր կուչկուչված հոնքերը իրարուց:
— Սուսամբա՛ր, — շշնջաց կրկին Սուսանը:
— Հըմ, խոսիր, հոգիս, ի՛նչ ես ուզում, — հարցրեց Սուսամբարը, թեքվելով դեպի նրա ականջը:
— Մի բան որ հարցնեմ, ճշմարիտը կպատասխանե՞ս:
— Սուսամբարը ե՛րբ է քեզ սուտ ասել, որ հիմա ասի, — պատասխանեց Սուսամբարը խորը հանդիմանական եղանակով:
— Ճշմարի՛տ է, որ ասում են, թե աստված ինքնասպանի հոգին առանց դատաստանի է հանձնում սատանաներին:
— Այդպիսի բաների վրա խոսելու Ժամանակ չէ, հարսանիքդ է: Մեղք է, Սուսան, մի՛ խոսիր:
— Չէ՛, Սուսամբար, թե ինձ սիրում ես — պատասխանիր:
— Դատարկ-դատարկ քիչ խոսիր, քեզանից կխռովեմ:
— Աստծուդ սիրես, դու — քո միակ եղբորդ արևը:
— Ո՛ւֆ, դե իհարկե այդպես է:
— Ի՞նչպես, ինքնասպանները դժո՞խքն են ընկնում:
— Հա՛:
— Թե մեղք էլ չունենան, արդար լինե՞ն:
— էլ արդա՞րս որն է: Սպանությունից հետո էլ ինչ արդարություն մնաց:
— Ուրիշի չի սպանում հո, իրան է սպանում էլի:
— Հապա ինքը մարդ չի՞:
— Բայց ինչո՞ւ առանց դատաստանի:
— Հերիք է:
— Ասա՛, եթե ինձ սիրում ես:
— Ինքնասպանի համար դատաստան չկա: Մենք արարիչ աստուծո պատկերով ենք ստեղծված: Մարդասպանը աստուծո պատկերն է սպանում ու նրա դատաստանով է դժոխք գնում: Բայց երբ որ մարդ ինքն իրան է սպանում, նա գիտե՞ս ինչ է ասում աստծուն:
— Ի՞նչ:
— Տես, ասում է, ով աստված, քեզանից այնքան ամաչում եմ, որ քո պատկերովդ ինքս էլ չեմ ուզում ապրել:
— Մեղա, մեղա քեզ, տեր աստված, դու չարը խափանես, — շշնջաց Սուսանը հառաչելով և երեք անգամ երեսին խաչակնքելով:
— Ինչո՞ւ համար էիր հարցնում:
— Հենց այնպես:
— Տեսնում ես, որ մեր տերտերներն էլ ինքնասպանին օրենքով չեն թաղում: Հիմա դու ասա՛. որ մի մեռել առանց «համբիսկի» թաղվի, էլ նա ի՛նչ երեսով պիտի ահեղ դատաստանի առաջ կանգնի:
— Փառք քեզ, աստված, դու բարին առաջես, — ասաց կրկին Սուսանը և հետո ընկավ մտատանջության մեջ:
Մինչդեռ կանանց բաժանման մեջ նորահարսը յուր ընկերուհու հետ զբաղված էր այս մռայլ խոսակցությամբ, տղամարդկանց բաժնում նորափեսային ուրիշ միտք էր տանջում:
Ինչո՞ւ համար էին այն մարդիկ հարձակվում նորապսակների վրա: Ո՞վ էր այն տղան, որ հիշոցներ էր տալիս: Սեյրան... Սեյրան, այդ ի՞նչ անուն է, որ Սուսանի բերանից լսեց Ռուստամը: Երևի, Սուսանի բարեկամներից մեկն էր, որ հարսանիքատանը հարբել էր, Սուսանի ծնողների հետ կռվել ու եկել, որ ճանապարհին ոխը նորապսակներից հանի: Չէ, այդպես չէ, այստեղ մի բան կա, որ ոչ ոք, ոչ ոք չի ուզում ասել Ռուստամին: «Թուրք էր, շառլատանների մեկն էր», ասում են, փիե՛, նա հայերեն էր խոսում, ի՞նչպես թե թուրք էր: Չէ, անպատճառ մի թաքուն բան կա, Ռուստամի սիրտն էլ վկայում է այդ: Չէ, Ռուստամը անպատճառ պիտի իմանա, թե չէ՛ — սիրտը կտրաքի:
Այդպես էր մտածում նորափեսան սեղանի շուրջը պտույտ գալով և հանդիսականներին զանազան ծառայություններ անելով: Նա յուր կասկածանքով լի հայացքը ձգում էր հերթով հանդիսականներից ամեն մեկի վրա և խորը նայում, կարծես, կամենալով կարդալ նրանց դեմքերի վրա գաղտնիքը: Բայց հանդիսականների դեմքերը ոչինչ չէին արտահայտում, բացի ուրախ տրամադրությունից գինու ու արաղի ազդեցությամբ: Ռուստամը մանավանդ ստեպ-ստեպ նայում էր Սմբատին, որ, գլուխը կրծքին թեքած, ընթրիքին չէր մասնակցում: Երբ Ռուստամը նայում էր, Սմբատը խույս էր տալիս նորափեսայի զննող հայացքներից: Ռուստամի սուր աչքերը այդ նկատում էին, նկատում և կրկնապատկում նրա կասկածը: — «Նա ինչո՞ւ հաց չի ուտում, հը՞ըմ, ինչի՞ վրա է մտածում: Նա երեսիս էլ չի ուզում մտիկ անել, տե՛ս, տե՛ս, ինչպես է աչքերի տակով մտիկ անում: Տեսեք, տեսեք, պստիկ-պստիկ պատառներ է դնում բերանը ու ծամում, իբրև թե ուտում է: Չէ՛, մի բան կա, որ հացը բողազովդ ներս չի գնում: Հը՛մ, ի՞նչ բան է, բա ես չկարողանամ իմանա՞լ: — Չէ՛, ես պիտի իմանամ, պիտի իմանամ...»
Մինչդեռ այդ կասկածավոր մտածմունքները չարչարում էին Ռուստամին, խնջույքը հետզհետե կենդանանում էր: Սկսվեցին կենացներ: Թամադան մի կարճահասակ, նիհար, կարմրադեմ, հաստ և շեկ բեղերով մի մարդ էր: Դա մի հին գրագիր էր, որ երկար տարիներ քաշքշվել էր պետական հիմնարկություններում: Ինչպես Շըպպանիկն էր Շամախում հայտնի և նշանավոր որպես «զարանգիզի», այդպես և այս հին չինովնիկն էր հայտնի իբրև թամադա: Ո՛ր հանդիսում, ո՛ր հարսանիքում, վերջապես, ի՛նչ ուրախության տեղերում որ լիներ, նա միշտ թամադա էր ընտրվում, ն այս պատճառով քաղաքում նրան կոչում էին ո՛չ յուր անունով, այլ — «թամադա-Կըճի»: «Թամադա-Կըճին» նախ և առաջ հրամայեց խմել նորապսակների կենացը:
— Թագավոր-թագուհիի կենացը, հուռա՜, — գոռաց նա, բաժակը բարձրացնելով:
— Հափ հափ, հուռա՛, — կրկնեցին հանդիսականները, բաժակները պարպելով:
Հետո «թամադա-Կըճին» հրամայեց կրկին լցնել բաժակները:
— «Կնքահայր-Սոլդուշի» կենացը, — դարձյալ գոռաց նա:
— Հուռա՛:
— Մեկ էլ լցրեք բաժակներդ:
Հանդիսականները լցրին իրենց բաժակները:
— Ղոսպոդա, — սկսեց թամադան, — էքստըրըննի օբշիյ կանպանիի կենացը:
— էքստըրըննի, էքստըրըննի, հափ-հափ հուռա՜, — բացականչեցին միաբերան բոլոր հանդիսականները և կրկին դատարկեցին իրանց բաժակները:
Այնուհետև թամադա-Կըճին մեկ էլ լցրեց բաժակը, բարձրացավ ոտքի, ձախ ձեռը դրավ կողքին և կարճլիկ իրանը դուրս ցցեց: Հանդիսականները հետևեցին նրա օրինակին:
— Ղոսպոդա՛, զա՛, — սկսեց թամադան մի առանձին շեշտադրությամբ:
— Զա՛, — կրկնեցին բոլոր հանդիսականները:
— Զդարովիե, — շարունակեց թամադան:
— Զդարովիե, — կրկնեցին բոլորը:
— Նաշեղո:
— Նաշեղո:
— Սմբա՛տա:
— Սմբա՛տա:
— Բարխուդա՛րիչա:
— Բարխուդա՛րիչա:
— Վի՛պիոմ:
— Պի՛պիոմ:
— Հափ-հափ հուռռա՜, — ավարտեց թամադա-Կըճին:
— Հուռռա՜, — կրկնեցին հանդիսականները:
Եվ այսպես, հանդեսը կենդանացավ, երաժիշտները ոգևորվեցին: Թառի լարերը պարսիկ նվագողի թանձր հինայով ներկած բարակ մատների տակ լեզու ստացած, մի առանձին ոգևորությամբ էին արտահայտում արևելյան Մուսայի հառաչանքները: Շիրազի երգեցողի լայն կոկորդից ինքնուրույն ներդաշնակությամբ դուրս էին հեղվում անմահ Հաֆըսի սիրահարական խոսքերը: Փոքրիկ զանգակներով զարդարված դահիրան անդադար պտույտ էր գալիս երգեցողի ձեռում:
Վերջապես, ընթրիքն ավարտվեց, և հարբած հանդիսականները չուռ ու մուռ գալով վեր կացան և սկսեցին հերթով պարել: Չպարողները և պարով չհետաքրքրվողները քաշվեցին դահլիճի այս ու այն անկյունը և խումբ-խումբ հավաքված սկսեցին խոսել ու զվարճանալ: Ամենքն ուրախ էին, ամենքի դեմքերի վրա փայլում էր բերկրություն, բացի երկուսից — Սմբատից և Ռուստամից:
Սմբատը մեն-մենակ հեռացած դահլիճի մի անկյունը, ծխում էր: Ռուստամը գիժ ոչխարի պես անհանգստությամբ պտտում էր դահլիճի չորս անկյունները: Կասկածը հետզհետե նրա մեջ զորեղանում էր անսպասելի կերպով, չնայելով, որ ընդամենը մի քանի ժամ էր, որ նրա մեջ ծագել էր այն: Նա կասկածում էր ամենքին և ամեն բանի, կասկածում էր Սմբատին, կասկածում էր հանդիսականների ամեն մի առանձնախոսությանը, կասկածում էր մինչև անգամ երաժշտության այս ու այն եղանակը: Երբ նա տեսնում էր, որ հյուրերից երկուսը առանձնացած խոսում են, իսկույն մտածում էր. — «Անպատճառ ինձ վրա են խոսում, ախ, եթե իմանայի ի՛նչ են խոսում»: Եվ նա զգուշությամբ մոտենում էր խոսողներին, և, երեսը նրանցից դարձնելով, թաքուն ականջ էր դնում: Բայց երբ լսում էր, որ խոսակցությունը բոլորովին մի ուրիշ առարկայի մասին է, նույն զգուշությամբ հեռանում էր, ինքն իրան ասելով. «գիտեմ ինձ վրա էին խոսում, բայց, երևի, ինձ տեսան, խոսքը փոխեցին»:
Մի անկյունում նրա ականջին հասավ մի խոսք, և նա մնաց մեխված տեղն ու տեղը: Այս անգամ խոսողները երկու երիտասարդներ էին, որ գինու ազդեցությունից հազիվ կարողանում էին ոտքի վրա կանգնել: Ռուստամը կանգնած էր նրանց հետևում, այնպես որ չէր նկատվում:
— Քեզ ասում եմ մինչև կոկորդը, այ մինչև այստեղ, — ասում էր խոսողներից մեկը, ձեռով ցույց տալով յուր կոկորդը:
— Ա՛ քիշի, չէ՞, ցըը՛ ցըը՛:
— Դու մեռնես, եթե սուտ ասեմ:
— Հապա նրան թողած, ինչի՞ դրան եկավ:
— Փահ, երեխա ե՞ս, հապա հե՞րը:
— Չուզե՞ց:
— Չէէ՛:
— Խեղճ աղջիկ, հիմա ով է իմանում, սիրտը բլթբլթըմ է:
— Հը՛մ, իսկի խոսք կա՞, չտեսար ինչպես սիրտը գնաց:
— Տեսա, ինչպես չէ, նրան էլ տեսա:
— Տղի՞ն: Ամա նամարդ ընկերները լավ փախան հաա:
— Ես էլ չեմ հավատում, որ աղջիկը...
— Դու իսկի ջահիլություն չես արե՞լ: Ադա՛, ջահիլ աղջիկ, ջահիլ տղա, հըմ, — ասաց երիտասարդը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:
— Աստված մի արասցե, Ռուստամը իմանա հա՛:
Երաժիշտները կրկին պարելու եղանակ հնչեցին, և խոսողները շտապեցին պարի հանդեսը:
Ռուստամի դեմքը թղթի գույն ստացավ, աչքերը վառվեցին, շրթունքները կապտեցին, ծնկները թուլացան, և քիչ մնաց թավալվեր դահլիճի հատակի վրա:
— Ի՞նչ եմ անում, տղամարդ չեմ, ի՞նչ է, — ասաց նա ինքն իրան, աշխատելով անտարբեր ձևանալ:
Նա բեղերը և շրթունքները կրծոտելով, մի քանի վայրկյան մնաց անշարժ:
— Չէ՞, էլի համբերություն է հարկավոր, կարելի է սուտ է, — ասաց նա կրկին ինքն իրան, — կարելի է այս մարդիկ նրանց թշնամիներն են: Համբերություն, յոթանասուն և երկու Ժամ համբերություն: Տեր աստված, տուր ինձ կարողություն համբերելու:
Այս ասելով, Ռուստամը շտապեց դեպի հանդիսականները:
VIII
Հարսանիքի չորրորդ օրն էր և առավոտ: Գյուլնազն և Բարխուդարը վաղուց արդեն զարթնել էին քնից: Իսկ Սմբատը մյուս սենյակում դեռ ևս քնած էր: Սովորականից դուրս այսօր նրան երկար միջոց չէին զարթեցնում քնից, թեև խանութ գնալու ժամանակն արդեն անցել էր:
Բարխուդարն, յուր մշտական ընկեր չիբուխը բերանը դրած, շարունակ ծխում էր, սենյակում հետ ու առաջ քայլելով: Գյուլնազը պատուհանի դեմ նստած, նայում էր դեպի փողոց: Երկու ամուսինների դեմքերն ևս արտահայտում էին խորին անհանգստություն: Բարխուդարն ամեն անգամ ծխի քուլաները բերանից բաց թողնելուց հետո, դուրս էր թողնում կրծքից մի խուլ հառաչանք, որից հետո նա մի քանի վայրկյան կանգնում էր և յուր անորոշ հայացքը ձգում դեպի սենյակի առաստաղը: Գյուլնազը ստեպ-ստեպ երեսը բոլորովին կպցնում էր լուսամուտի երկաթե վանդակի փեղկերին, կարծես, աշխատելով որքան կարելի է հեռու ու հեռու նայել: Երբեմն Բարխուդարը մոտենում էր լուսամուտին և նույնպես անհամբերությամբ դեպի փողոց նայում:
— Չի՞ երևում, — հարցնում էր նա Գյուլնազին անդադար հազիվ լսելի ձայնով:
— Համբերի՛ր, համբերիր, այ մարդ, ինչ՛ է սիրտդ բերանդ ընկել... ո՛ւֆ, — խոսեց վերջապես Գյուլնազը: — Շատ զարմանալի մարդ ես, ինքդ ասում ես. «չեմ հավատո՛ւմ», էլի հենց չես հանգստանում: Եկավ չեկավ մեկ չէ՞, ի՞նչ ես ոտքի ու ձեռքի ընկել:
— Քեզ ու ինձ համար մեկ է՛, բա խալխը՞, բա ինչո՞վ կկապես նրա բերանը:
— Տունը քանդվի էս ադաթը դնողի, տունը քանդվի հաա: Տանջվիր, չարչարվիր, աչքդ ջուր արա, թե ինչ է մի պոչը կտրված Շըպպանիկ պիտի գա ու քեզ աչքալուսի բերի: Բաս մեր աչքե՞րը, բաս մեր սի՞րտը, մենք չե՞նք ճանաչում մեր երեխին: Ո՞ւմ տանն է մեծացել նա, խալխի՞, թե մեր աչքի առաջ: Չէ՛, պիտի Շըպպանիկը մեջտեղ լինի, չէ, նրա մատը հենց խառն պիտի լինի: Վա՛յ մեզ, վայ մեզ: Հերիք է մի հուշտ, մի սխալ, հերիք է մի օր բանը ուշանա, մեկ էլ տեսար տղան կատաղեց: Մեկ էլ տեսար տղի հոր ու մոր, բարեկամների, ազգականների լեզուն փորներն ընկավ, սառան, քարացան, կապտեցին ու հարայ ղալմաղալ գցեցին. «ձեր տված աղջիկը էդպես է, հա էնպես»: Տեր, տեր արարիչ աստված, տեր մեղա քո զորութենին, դու դատիր, երկնային ահեղ թագավոր: Դատի՛ր տե՛ս մեր բախտը, երեխիս բախտը, ում ձեռքումն է:
— Հերիք է, հերիք է, ինձ համբերությունից մի հանիր: Մտիկ արա դուրս, տես գալիս է, թե չէ:
Գյալնազն երեսը կրկին կպցրեց պատուհանի վանդակին:
— Ոտդ կոտրվի, վիզդ կոտրվի, Շըպպանիկ կնիկ, դե ե՛կ էլի:
— Սիրտս ասում է, որ էլի մի բան կա, այ կնիկ, թեպետ էս լույս ցերեկվա պես պարզ իմանում եմ ու հավատում, որ իսկի բան չկա:
— Համբերի՛ր. անհամբերությունից միտքդ էլ, սիրտդ էլ մոլորվում են: Իզուր տեղից վատ-վատ բաներ ֆիքր մի անիլ, այ մարդ, հոգի ունես տալու ահեղ դատաստանի առաջ:
— Հըմ, հոգի ունիմ: Հոգիս, Գյուլնազ, սատանաների բաժին կլինի, եթե... եթե երկու սհաթ էլ Շըպպանիկն ուշանա:
— Երեսիդ խաչակնքի՛ր, մեղա եկ աստծուն, չարը մտքիցդ հանիր: Ուֆ, աչքդ դուրս գա, Շըպպանիկ:
— Մտիկ տուր, մտիկ տուր, Գյուլնազ:
Բարխուդարի խոսակցությունն ու շարժվածքը վերին աստիճանի տխուր և հուսահատական էին:
— Ախ, գալիս է, — բացականչեց հանկարծ Գյուլնազը, վեր թռչելով:
— Թող գա: Չա՞ր թե՞ բարի, խայտառակությո՞ւն, թե՞ պատիվ:
Գյուլնազը շտապով դուրս գնաց:
— Դիլ դիլդիլ, ա՛յ ջան, ա՛յ շոբոշ, — լսվեց դրսից Շըպպանիկի սուր ձայնը:
Բարխուդարը մի հառաչանք արձակեց կրծքից:
— Նե՛րս վազ տուր, ա կնիկ, աչքդ լյուսի, խալաթս, ա կնիկ, ա մարդ, Շըպպանիկի գլխին մին թագա շալ, յա չարշով, յա թոռ, յա աբրուշումի քյալայաղի:
Այդպես բացականչելով և պարելով ներս վազեց Շըպպանիկը:
Բարխուդարի մռայլ դեմքի վրա մի քանի վայրկյան փայլեց ուրախության մի ժպիտ այնպես, ինչպես երբեմն ձմեռային մռայլ երկնքում արեգակն է ամպերի տակից փայլում:
— Խալաթը գլխիդ է, — բացականչեց Գյուլնազը, մի նոր և նուրբ բրդյա շալ ձգելով Շըպպանիկի գլխին:
— Արևի լուսի պես պարզ: Ասսու հարաշտարակի պես սուրբ. առա, դա Սանամն ա խրկալ ձեզ աչքալույսի:
Следующая страница |